Логотип

ՀՀ-ում որոշ ԶԼՄ-ներ և բլոգային նախագծեր հայտնվել են «հակահիբրիդային պատերազմի» արկերի տակ

Հայաստանյան ընդդիմադիր լրատվամիջոցների և օգտատերերի յութուբյան և ֆեյսբուքյան էջերի արգելափակումը կրկին ակտիվացել է հունիսի 7–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ` քարոզարշավի ակտիվ փուլում։

ՀՀ գործող իշխանությունների հետ փոխկապակցվող շրջանակները շատ դեպքերում դա բացատրում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի դեմ պայքարով, մինչդեռ դրա հետևանքով տուժում են կայացած հարթակները։ Ինչպես, օրինակ, եղավ «24News» լրատվամիջոցի դեպքում, որը հայտարարություն է տարածել իրենց յութուբյան ալիքի վրա հարձակման մասին։

«Մենք սա գնահատում ենք իբրև հարձակում ազատ խոսքի վրա, որն ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Ընտրությունների ժամանակ նմանատիպ դրսևորումները քստմնելի են, սակայն չեն կարող լռեցնել մեր գործունեությունը»,– նշել է լրատվամիջոցն իր հայտարարության մեջ։

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ յութուբյան ալիքի փակումը «Գուգլի» գործն է, իսկ «Գուգլն» ու հայտնի սոցցանցերը, օրինակ` «Ֆեյսբուքը», ղեկավարվում են ԱՄՆ օրենսդրությամբ։

Նրա խոսքով` օրինակ` Հայաստանում այս սոցցանցերում արձանագրված խախտումները ԱՄՆ իշխանությունը դիտարկում և որոշումներ է ընդունում, երբ տվյալ երկրի լիազոր մարմնի կամ կազմակերպության կողմից ստանում է դիմում–բողոք։

«Պետությունների կողմից հնարավորություն կա դիմելու և՛ «Ֆեյսբուքին», և՛ «Յութուբին»։ Հարցման մեջ պետք է հիմնավորվի, որ տվյալ նյութը հակասում է օրենսդրությանը, այնուհետև հատուկ հանձնաժողովների, իսկ ավելի հաճախ արհեստական բանականության միջոցով քննարկում և որոշում են կայացնում»,– նշեց Սաղյանը։

Նա ընդգծեց` ԱՄՆ իշխանությանը նման դիմում ուղղելուց առաջ անհրաժեշտ է, որ տվյալ երկրում (այս դեպքում` Հայաստանում) քրեական գործ բացվի. առանց քրեական գործի նման դիմումներին ընթացք տալու շանսերը շատ ավելի քիչ են, հատկապես երբ դա վերաբերում է զրպարտությանը կամ հակաօրինական փաստաթղթերին, ինչպես նաև բարոյական մոտեցումներին։

Սաղյանը չի բացառում, որ «24News»-i յութուբյան ալիքն արգելափակվել է նաև օգտատերերի ուղղորդված բողոքների արդյունքում։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն այս ամենում կոնկրետ քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ հատկապես լրատվամիջոցների դեմ նմանօրինակ քայլերը միանշանակ ՀՀ իշխանությունների հայտարարած «հիբրիդային սպառնալիքների դեմ» պայքարի տրամաբանության մեջ են։

«Իշխանություններն այդ մասին շատ բացահայտ, անթաքույց ձևով հայտարարել են, այստեղ նույնիսկ կասկածի տեղիք չկա։ Այսինքն՝ Եվրամիությունից ստացված գումարներն իրենք տրամադրում են տարբեր ընդդիմադիր լրատվամիջոցներին լռեցնելու համար։ Ես տեղեկություն ունեմ, որ ոչ միայն յութուբյան ալիքներ են փակվելու, այլև փորձելու են կոտրել մի շարք կայքեր, եթե դրանք պաշտպանված չեն»,– ընդգծեց նա` կոչ անելով լրատվամիջոցներին մասսայական հայցեր ներկայացնել իրավապահ համակարգին և լինել հետևողական։

Կոստանյանը հիշեցրեց, որ այս տարվա ապրիլին նույն խնդրի առաջ էր կանգնել նաև ինքը, երբ ընդդիմադիր բովանդակություն հրապարակելու համար փակել էին իր սոցցանցային հարթակը։ Նա այդ ժամանակ նաև գրառում էր արել այն մասին, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն ընտրությունների պաշտպանության երկստանդարտ քողի ներքո հայաստանյան բազմաթիվ օգտահաշիվների դեմ բողոք է ներկայացրել ԱՄՆ դեմոկրատ սենատորներին, որի արդյունքում այդ էջերը փակվել են։

Կոստանյանը համոզված է` սա Հայաստանից ուղղորդված, թիրախավորված հարձակում է, այլ ոչ թե ամերիկյան օրենսդրության խախտում, և նպատակն է լռեցնել հենց ընդդիմադիր լրատվամիջոցներին և գործիչներին։

«Սա հարձակում է կոնկրետ ընդդիմադիր լրատվամիջոցների, ընդդիմադիր քաղաքական և հանրային գործիչների դեմ, ովքեր մեծ լսարան ունեն հատկապես սոցիալական ցանցերում»,– նշեց Կոստանյանը։

Ըստ նրա` եթե փորձ է արվում ամեն ինչ օբյեկտիվության սահմաններում անել և առանց թիրախավորման, ապա ինչու, օրինակ, երբևէ խնդիրներ չեն ունեցել կամ չեն արգելափակվել Նիկոլ Փաշինյանի կամ իշխանամերձ որևէ օգտատիրոջ սոցցանցային հարթակներ։ Միակ հետևությունը, Կոստանյանի համոզմամբ, այն է, որ Եվրամիության կողմից իբր հիբրիդային պատերազմի դեմ ուղղված գումարները նպատակային ծառայում են միայն ընդդիմադիր դաշտի դեմ։