Հայաստանի տարածքով իրականացվող TRIPP նախագիծը լինելու է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 29-ին հայտարարել էր, որ TRIPP նախագծի իրականացումը Ռուսաստանի մասնակցությունից միայն կշահեր։ «Թրամփի ուղին» կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք արդեն տասնամյակներ շարունակ հայ գործընկերների հետ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի պահպանության ծառայություն են իրականացնում: Գալուզինը նշել էր, որ հաշվի առնելով այդ ամենը` Ռուսաստանի և ԵԱՏՄ–ի կարծիքը պետք է հաշվի առնել։
«TRIPP նախագիծն իրականացման փուլում է։ Այս պահին ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ է, և TRIPP–ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,– ասաց Սաֆարյանը` անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ–ի համատեղ աշխատանքին առնչվող հարցին։
Հարցին` կարող են արդյոք Ռուսաստանի հետ աշխատանքում խնդիրներ առաջանալ, Սաֆարյանը պատասխանեց` այս փուլում որևէ հարց չկա։
Նա նշեց, որ Հայաստանը ռուսական կողմի հետ TRIPP–ի վերաբերյալ քննարկում չի անում։
Sputnik Արմենիա
