Логотип

Հայաստանի կառավարությունը սկսում է Իջևանի նոր ֆուտբոլային մարզադաշտի նախագծման գործընթացը

Հայաստանի կառավարությունը սկսում է Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող՝ 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված ֆուտբոլային մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների գնման գործընթացը։ Հունիսի 25-ին կառավարության նիստում այս մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հիշեցրել է, որ 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը կկազմակերպվի Վրաստանի հետ համատեղ։ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների համատեղ հայտը հավանության է արժանացել ՖԻՖԱ-ի կողմից։

Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանում մրցաշարի անցկացման հիմնական պայմաններից մեկը ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգի մարզադաշտերի առկայությունն է։ «Կառավարությունն այս ուղղությամբ աշխատանքները սկսել է դեռևս անցյալ տարի։ Վանաձորում արդեն մեկնարկել է մարզադաշտի վերակառուցման նախագծման գործընթացը, և մենք ակնկալում ենք առաջիկա մեկ-երկու ամսում ստանալ պատրաստի նախագիծը»,- ասել է պաշտոնյան։

Նրա փոխանցմամբ՝ կառավարության այսօրվա որոշմամբ մեկնարկում է Իջևանում նույնպիսի չափանիշներով մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների գնման գործընթացը։ Մարզադաշտի նախատեսվող տարողությունը կլինի շուրջ 10 հազար նստատեղ։

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին կառավարության որոշմամբ 20 անհրաժեշտ հողատարածքներ են գնվել սեփականատերերից։

Նախագծանախահաշվային աշխատանքները նախատեսվում է պատվիրակել «VenueEra Holding» ընկերությանը, որը ներգրավված է նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցման գործընթացում։ «Այն բարձր մակարդակի սպորտային կառույցների նախագծման և կառուցման փորձ ունի»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Որպես ընկերության կողմից իրականացված նախագծերի օրինակներ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է Բուդապեշտի «Պուշկաշ Արենա», Սաուդյան Արաբիայի «King Abdullah Sports City» և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտերը, որտեղ նույնպես խոշորագույն միջազգային մրցաշարերի հանդիպումներ անցկացվել։

Ընկերության հետ բանակցություններ են ընթանում նաև նախագծի շինարարական փուլի համատեղ իրականացման շուրջ։ «Այս որոշման ընդունման արդյունքում մենք կկարողանանք հրատապ կարգով սկսել և սահմանված ժամկետներում Իջևանում իրականացնել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող՝ 10 հազար նստատեղով ֆուտբոլային մարզադաշտի կառուցման ծրագիրը՝ երաշխավորելով, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2029 թվականի հունվարը»,- ընդգծել է նախարարը։

Որոշման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից կատարվել է 177 միլիոն 828 հազար դրամի վերաբաշխում, որն ուղղվելու է նախագծանախահաշվային աշխատանքների կատարմանը։ Դրանից հետո կհաջորդեն արդեն բուն օբյեկտի շինարարության փուլին վերաբերող որոշումները։

News.am