ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որով թույլատրվում է ստեղծել կուտակիչ էլեկտրակայաններ:
«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունները մշակվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կտրուկ աճել են արևային կայանների հզորությունները, որոնց արտադրանքն անկայուն է (օրվա մութ ժամերին դրանք անջատվում են): Դրա պատճառով ստիպված են լինում սահմանափակել այլ կայանների հզորությունները, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ վերականգնել դրանք:
Ելնելով դրանից՝ առաջացել է էլեկտրաէներգիայի խոշոր կուտակիչների անհրաժեշտություն, որոնք ցերեկային ժամերին կկուտակեն այդ ավելցուկը, իսկ երեկոյան և գիշերը կվաճառեն այն էլեկտրական ցանցին:
Փոքր (մինչև 1 ՄՎտ) կուտակիչ կայանները հնարավոր կլինի տեղադրել առանց լիցենզիայի: Լիցենզիա պետք չի լինի նաև 1 ՄՎտ-ից բարձր հզորություն ունեցող այն կայանների համար, որոնք նախատեսված են բացառապես սեփականատերերի (ձեռնարկությունների կամ բյուջետային կազմակերպությունների) սեփական սպառման համար:
Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն զարգացել է արևային էներգետիկան: 2025 թվականին արևային կայանների ընդհանուր արտադրանքը կազմել է շուրջ 1 միլիարդ 340 միլիոն կՎտժ (առանց ինքնավար սպառման ծավալների հաշվառման, որոնք ցանց չեն մտնում): Երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ արևային կայանների բաժինը հասել է մոտ 14%-ի, իսկ առանձին ժամանակահատվածներում գերազանցում է 20%-ը:
Sputnik Արմենիա
