«Հայաստան» դաշինքը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 7-ին անցկացված ԱԺ ընտրությունների արդյունքները։
Նշենք, որ մինչ այս ՍԴ նույնաբովանդակ դիմումներ են ներկայացրել նաև «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Դատարան դիմելու մասին հայտարարել է նաև «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Գտնում ենք, որ էական հանգամանքներ ենք ներկայացնում, որոնք իրենց ամբողջության մեջ ցույց են տալիս, որ ընտրություններն արդար, թափանցիկ չեն ընթացել, այլ խախտումներով, և մենք պահանջ ենք ներկայացրել, որ ընտրությունների արդյունքները չեղարկվեն»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա ընդգծեց, որ բազմաթիվ փաստարկներ են դիմումում նշված։ Առանձնացրեց դրանցից մի քանիսը, այդ թվում՝ իրավապահ համակարգի քաղաքական քարոզչությունը։
Խուդոյանի խոսքով՝ բազմաթիվ արձանագրումներ են արվել, երբ իրավապահ, քննչական մարմիններն ուղղակի քարոզչական համագործակցություն են ունեցել իշխող ուժի հետ, և դա իր ազդեցությունն է թողել ընտրությունների ամբողջ ընթացքի վրա։
«Օրինակ, չպետք է հրապարակեին կուսակցությունների անունները, չպետք է խախտեին անմեղության կանխավարկածը, չպետք է հրապարակեին այնպիսի գաղտնալսումներ, որոնք իրավական նշանակություն չունեն, բայց փորձում են վատ լույսի ներքո ներկայացնել ուժին։ Ամենադասական օրինակը, երբ խոսակցության մեջ լսվել է «շուն-շանգյալ» արտահայտություն․ դա որևէ հանցակազմի տարր չի ներկայացնում, ո՛չ ծանրացնում է, ո՛չ մեղմացնում է, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեն մոնտաժելով ցանկացել է այդ ինֆորմացիան հրապարակել, որ ՔՊ-ն իր քարոզչության մեջ կարողանա այն օգտագործել»,- նշեց Խուդոյանը։
Խախտումների երկրորդ կարևոր հատվածը վերաբերում է ֆինանսական հաշվետվություններին։ «Հայաստան» դաշինքը կարծում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հիմնադրամով ներկայացված ծախսերի շարքում ներառված չէ դրանց ամբողջական ծավալը։ Խուդոյանն ընդգծեց՝ բազմաթիվ ծախսեր իրականացվել են պետական բյուջեի հաշվին, որոնք ևս պետք է ներառվեին հիմնադրամի ծախսերի շարքում։ Ըստ նրա՝ ամենաառանցքային ծախսն այս առումով մայիսի 28-ի զորահանդեսն էր, որը ֆինանսավորվել է պետբյուջեի կողմից։
«Շատ մեծ ֆինանսավորում է ունեցել, որի բացատրությունը ներկայացված չէ, թե ինչու ի սկզբանե պլանավորված չի եղել, սակայն ներառվել է քարոզչական տիրույթում, բազմաթիվ քարոզչական նյութեր կան, որոնցում հղում է արվում զորահանդեսի վրա՝ որպես հաջողություն։ Այն ևս պետք է համարվի քարոզչական միջոցառում, և դրա ծախսերը նույնպես պետք է ներառվեն, էլ չասած, որ ստացվում է՝ պետությունն է ֆինանսավորել «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչությունը»,- հայտարարեց Խուդոյանը։
Նա ընդգծեց, որ վեր է հանվել նաև ստորագրությունների և ընտրողների վերջնական թվի անհամապատասխանություն. խոսքը մոտ 340 տեղամասում 27 հազարի ընտրողների մասին է։ Անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ ընտրողների թվից էական պակաս ստորագրություններ են առկա մատյաններում։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հավելեց, որ հիմնավոր կասկած ունեն, թե զորահանդեսի շրջանակում կազմակերպչական ծախսերի համար երրորդ կողմին տրված 419 միլիոն դրամն իրականում եղել է փոխհատուցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի շրջանակներում մի քանի անգամ կրկնված դրոններով շոուի համար։
«Մենք ասում ենք, որ եթե այդ մատակարար կազմակերպությունը չի բերել այնտեղ ցուցադրված զինտեխնիկան, ապա դա առնվազն տարօրինակ ծախս է»,- ասաց Սողոյանը։
Sputnik Արմենիա
