Логотип

Հայտնի է՝ ինչի մեջ է մեղադրվում Էդիկ Մալոյանը

Գնդապետ Էդիկ Մալոյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ գնդապետ Մալոյանը, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Այնուհետև, ըստ ՔԿ-ի, Մալոյանը հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկությունը։

Էդիկ Մալոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Երկուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է գնդապետ, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։

Sputnik Արմենիա