Հայաստանի գործող իշխանությունները փորձում են «գլխատել ընդդիմությանը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Դավիթ Սարգսյանը՝ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդության դատական նիստից առաջ։
Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը չեն փոխում իրենց աշխատաոճը. վաղ առավոտյան, երբ մարդիկ դեռ քնած են, նրանք ներխուժում են բնակարաններ, վախեցնում երեխաներին, խուզարկություն կատարում ու առանց որևէ բացատրության ձերբակալում մարդկանց։
«Ակնհայտ էր, որ ամեն գնով վերարտադրվելու ձգտող և մանդատները գողացած իշխանությունը փորձելու է «գլխատել ընդդիմությանը», — նշել է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ հաջորդաբար մեկուսացվել են Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը, ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, ինչպես նաև «Ուժեղ Հայաստանի» ավելի քան հարյուր անդամներ, իսկ հիմա հերթը հասել է «Հայաքվեին»։ Նա նաև հավելել է, որ անցյալում Չալաբյանն արդեն իսկ կալանավորվել էր նմանատիպ մեկ այլ՝ շինծու մեղադրանքով։
«Մեր գնահատականը միանշանակ է. սա քաղաքական հալածանք է և մեր կառույցը կազմաքանդելու փորձ», — հայտարարել է Սարգսյանը՝ հավելելով, որ հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում քննվելու է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումը, և «Հայաքվեն», որի 200 ներկայացուցիչներ դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրությունների ժամանակ, մտադիր է ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին։ «Մեր համակարգողին մեկուսացնելով՝ փորձում են «գլխատել» կայացած ընդդիմադիր կառույցներից մեկը», — նշել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Չալաբյանի հետ կապը պահպանվում է փաստաբանի միջոցով, և նրա բացակայության պայմաններում կառույցը շարունակելու է բնականոն հունով աշխատել՝ գործադրելով բոլոր ջանքերը նրան օր առաջ ազատ արձակելու համար։
News.am
