Նախօրեին տեղի էր ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույց, որի մասին հաղորդագրության մեջ կա հետևյալ պարբերությունը. «Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»:
Հատկապես ո՞վ է կարևորել քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Ներանդրա Մոդին: Սա էական է, որովհետև Հայաստանի ու Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսությունը նկատելիորեն պասիվ է, հատկապես հաշվի առնելով այն, որ Հնդկաստանի 2021 թվականից հետո Հայաստանի համար թերևս թիվ մեկ ռազմատեխնիկական գործընկերն է: Համենայն դեպս, հայկական բանակի ներկայիս սպառազինության մեծ մասի գնումներն իրականացվում են հենց Հնդկաստանից:
Մինչդեռ, այդ ֆոնին բավականին նկատելի է, որ գործնականում բացակայում է քաղաքական ու տնտեսական համարժեք կոոպերացիան, գործակցությունը, հաղորդակցությունը: Մինչդեռ, եթե կա օրինակ ռազմատեխնիկական գործակցություն, գնումներ, բայց այդ ամենը չի ուղեկցվում քաղաքական ու տնտեսական համարժեք դինամիկայով, դա թերևս նշանակում է, որ ռազմատեխնիկականը պարզապես առևտուր է, ոչ ավելի: Իսկ պարզապես առևտրի կամ բիզնեսի տրամաբանությամբ ռազմատեխնիկական գործակցությունը, չունենալով կայուն և ակտիվ ռազմա-քաղաքական և աշխարհտնտեսական բաղադրիչ, չի կարող ունենալ անվտանգային բարձր էֆեկտիվություն:
Հարցադրումը, թե հատկապես ով է կարևորում քաղաքական երկխոսության և այլ կոմունիկացիաերի ակտիվացումը, ամենևին երկրորդական չէ: Հնդկաստա՞նն է այդ հարցը բարձրաձայնող, թե՞ Երևանը:
Ես կասկածներ ունեմ, որ ակտիվության պակասից դժգոհ է Հնդկաստանը: Ի վերջո, հենց Նյու Դելին է 2021 թվականից ակտիվացել այդ ուղղությամբ: Հիշեցնեմ, առաջին անգամ Հայաստան ժամանեց Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարը, և առհասարակ դա Հնդկաստանի նախարարի առաջին այցն էր հետխորհրդային Կովկաս:
Գլոբալ խաղացողի կարգավիճակի խորացումը Հնդկաստանի համար «պարտադիր» է դարձնում կովկասյան քաղաքականությունը: Իսկ այստեղ, Նյու Դելին ունի մեկ իրատեսական հենարան՝ Հայաստան: Բայց, եթե Հայաստանի համար Հնդկաստանը ընդամենը միջոց է իբրև թե բանակի ռեֆորմացիայի ինֆորմացիոն ծածկույթի համար, դա իհարկե չի կարող բավարարել Նյու Դելիին:
Իհարկե Հնդկաստանի հետ համապարփակ աշխատանքը ունի իր բարդությունները: Բայց, այսօր չկա ոչ բարդ աշխատանք, և ոչ մի ուղղությամբ: Մինչդեռ կան, ավելի շուտ՝ պետությունների համար պետք է լինեն ռազմավարական առաջնահերթության մշակումներ ու սցենարներ, և Հնդկաստանն այդ առումով Հայաստանի համար պետք է ունենա էական նշանակություն:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, քաղաքական վերլուծաբան
Verelq.am
