Логотип

Հովհաննես Խուդոյան․ Արձանագրվել է շուրջ 27,800 ստորագրության անհամապատասխանություն

Սահմանադրական դատարանում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների քննությունը: Դատարանի դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը մանրամասներ է ներկայացրել քննարկվող հարցերի, հայտնաբերված ընտրական անհամապատասխանությունների և իշխանությունների կողմից գործընթացի ընկալման վերաբերյալ։

Անդրադառնալով նիստի դռնփակ ձևաչափին՝ փաստաբանը նշել է, որ քննարկվել են որոշակի գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ նախաքննական և պետական գաղտնիք պարունակող նյութեր։

«Չեմ կարող ասել, թե հենց այս նիստով ինչ ենք քննարկում, բայց նախորդ նիստերին քննարկվել են որոշակի գաղտնի ինֆորմացիաներ, այդ թվում՝ նախաքննական և պետական գաղտնիք պարունակող: Նաև քննարկվել է այդ գաղտնի ցուցակով քվեարկող ընտրողների՝ հիմնականում զինծառայողների վերաբերյալ խնդիրը, ավելի շատ դետալներ չեմ կարող հայտնել»,- նշել է նա։

Հովհաննես Խուդոյանը մանրամասն ներկայացրել է իրենց թիմի կատարած հաշվարկները, որոնք վերաբերում են ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների թվի միջև եղած ահռելի տարբերությանը։

«Մենք ի սկզբանե մեր դիմումով հարց ենք բարձրացրել, որ ստուգել ենք ստորագրված մատյանները և համադրել ԿԸՀ-ի հրապարակած արձանագրությունների վերջնական թվի հետ (թե քանի ընտրող է մասնակցել): Հայտնաբերել ենք 27,800 ստորագրության բացակայություն: Արձանագրությունը ենթադրում է, որ որքան ընտրող եկել է, այդքան էլ պետք է ստորագրած լինի։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ի սկզբանե պարզաբանեց, որ այդտեղ կան նաև գաղտնի ցուցակով քվեարկողները, զինծառայողները և այլն։ Դա ընդունելի արգումենտ է, բայց մենք ասել ենք՝ այդ թիվը եթե նույնիսկ նվազեցնում ենք, մոտավորապես 10,000-ի տարբերություն էլի լինում է»,- ընդգծել է Խուդոյանը։

Alpha News