Գագիկ Ծառուկյանից նախ խլեցին մանդատը։ Հետո՝ «Արարատ-ցեմենտը»։ Դե, իսկ ի՞նչ կա որ: Ի՞նչ խնդիր, ի՞նչ հարց: Բա ի՞նչ իրավունք ուներ Ծառուկյանը, այդ վատ մարդը, մասնակցել ընտրություններին ոչ Փաշինյանի կողմից։ Ոչ մի իրավունք։
Խլեցին, ինչպես հաղորդվում է, «ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում»։ Գլխավոր դատախազությունը դիմեց, հակակոռուպցիոն դատարանը բավարարեց։ Իսկ ի՞նչ պիտի աներ։ Մի՞թե Հայաստանում կա այնպիսի դատավոր, որը չի կատարի Փաշինյանի կամքը. չէ որ վերջինս նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր բոմժ դարձնել Ծառուկյանին։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Է՛Լ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՐ: Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերության շենքը հանձնվել է Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը… Տեղեկությունը ԶԼՄ-ների համար հաստատեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և բացատրեց նրանով, թե շենքը կառուցված է համայնքային տարածքում, որը պատկանում է օտարման ոչ ենթակա հողերին:
Տիգրան Ավինյան. «Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն (!!!-Խմբ.)՝ կողմերից մեկը, այսինքն Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»։
Այսինքն սկզբում քաղաքապետարանը պայմանագիր է կնքում, որով Ծառուկյանը շենք է կառուցում։ Հետո, երբ Ծառուկյանը դառնում է Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսը, քաղաքապետարանն այդ պայմանագրում խախտումներ է գտնում, խզում պայմանագիրը և խլում կառուցված շենքը… Պարզ է, ինչպես ամեն հանճարեղ բան:
Այդպիսի հանճարեղ որոշումներից հետո չենք կարծում, թե Հայաստանում գտնվի գեթ մեկ խոշոր գործարար, որը կհամարձակվի Փաշինյանին ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում ունենալ… Երևի իրավացի է Փաշինյանը: «Եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է»,- քարոզում էր գրական հերոսներից մեկը:
Մեր իրավիճակում ամեն ինչ մի փոքր այլ է։ Եթե ընդդիմությունը չի շրջում և հրկիզում ոստիկանական մեքենաները, ինչպես 2008-ին էր, եթե ընդդիմության հանրահավաքներում ոստիկանին թիկունքից չեն դանակահարում, ինչպես 2008-ին էր, եթե խանութներ չեն թալանում, ինչպես 2008-ին էր, եթե ընդդիմությունը լուրեր չի տարածում, թե իշխանությունը երեխաներ է սպանում, ինչպես 2008-ին էր, եթե ընդդիմության ակցիայի ժամանակ չեն կրակում ոստիկանի վրա, ինչպես 2008-ին էր, ապա… Ապա իշխանությանը ամեն ինչ թույլատրելի է։
Ուստի, Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Ծառուկյանից, որին Փաշինյանը խոստացել էր բոմժ դարձնել, անշարժ գույքի 75 օբյեկտ, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցության բաժնեմասեր, մոտ 106 միլիարդ դրամի գույք և միջոցներ: Գլխավոր դատախազությունը համարում է, թե Ծառուկյանն այդ ամենին տիրապետում է ապօրինի։ Ինչպեսև առյուծներին, կոկորդիլոսներին և այլ կենդանիներին:
Իսկ այ Փաշինյանի մտերիմ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի ունեցած ամենը արյուն-քրտինքով է վաստակած. հասկանում ենք, ի՞նչ հարց կարող է լինել։
