Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական շարժումն անհամաչափ պետական, քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունից պաշտպանելու վերաբերյալ փոփոխություն է կատարել օլիմպիական խարտիայում։
Փոփոխությունն ընդունվել է ՄՕԿ-ի նստաշրջանում, որն անցկացվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում։
Օլիմպիական խարտիայի 5-րդ կետն այժմ սահմանում է, որ օլիմպիական շարժմանն անդամակցող մարզական կազմակերպությունները պարտավոր են մշտապես չեզոքություն պահպանել:
ՄՕԿ-ը պարտավորվում է ցանկացած ժամանակ ապահովել չեզոքություն՝ զերծ մնալով պետական, մշակութային, հասարակական կամ տնտեսական ճնշումներից:
Նշվում է, որ բարեփոխումների նպատակն է մարզիկներին և մրցումները պաշտպանել արտաքին ազդեցությունից և կանխել օլիմպիական խաղերի օգտագործումը քաղաքական նպատակներով:
ՄՕԿ-ը և միջազգային մարզական կառույցների մեծ մասը 2022 թվականից ի վեր տարբեր աստիճանի խստության պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի մարզիկների նկատմամբ: Այսպես` ռուսաստանցիներին չի թույլատրվում մասնակցել ֆուտբոլի, ատլետիկայի, հոկեյի և մի շարք այլ մարզաձևերի միջազգային մրցումներին։ Միևնույն ժամանակ ՄՕԿ-ը խորհուրդ է տալիս թույլ տալ, որ ռուսաստանցի պատանի մարզիկները միջազգային մրցաշարերին մասնակցեն առանց սահմանափակումների, իսկ ՌԴ մեծահասակ մարզիկների մասնակցությունն իրականացվում է չեզոք կարգավիճակով:
Sputnik Արմենիա
