Логотип

Մամեդով․ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի աճյուն

2020 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 զինծառայողի աճյուններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով «Ժամանակակից մոտեցումներ և համագործակցության ամրապնդում անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում» միջազգային համաժողովի ժամանակ։

Մամեդովի խոսքով` միջազգային մարդասիրական իրավունքը պարտավորեցնում է պետություններին կանխել մարդկանց անհետացման դեպքերը զինված հակամարտությունների ժամանակ, ինչպես նաև պարզել անհետ կորած անձանց ճակատագրերը։

Նույն համաժողովի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի անհետ կորած անձանց և թաղման վայրերի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 խաղաղ բնակիչ։ 44-օրյա պատերազմի (2020 թվականի աշուն) հետևանքով անհետ կորել է 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի բենզինի պահեսում տեղի ունեցած պայթյունից հետո` ևս 22 մարդ։

Sputnik Արմենիա