Հայաստանի պաշտոնական տոնացույցում ներառվել է հեթանոսական Նավասարդ տոնը։ Այն նշվում է օգոստոսի 11-ին։ Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի կազմած նախագիծը, որը նախկինում ներկայացնում էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, հուլիսի 3-ի արտահերթ նիստում խորհրդարանի կողմից հավանության է արժանացել երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Նախաքրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Նավասարդը հին հայերի մոտ խորհրդանշում էր Նոր տարվա սկիզբը։ Այժմ այն կընդգրկվի տոների և հիշատակի տոնացույցում, սակայն՝ որպես աշխատանքային օր։ Պատգամավորի կարծիքով՝ նույնիսկ այս կարգավիճակով տոնին հնարավոր կլինի հարմարեցնել միջոցառումներ ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։
Բացի այդ, կրկին պաշտոնապես ոչ աշխատանքային են հայտարարվել մեռելոցները, որոնք ավանդույթի համաձայն նշվում են Հայ Առաքելական եկեղեցու հինգ գլխավոր տոներին հաջորդող երկուշաբթիներին՝ Սուրբ Ծննդից, Զատկից, Տիրոջ Պայծառակերպությունից (Վարդավառից), Սուրբ Աստվածածնի Վերափոխումից, ինչպես նաև Սուրբ խաչի տոնից (Խաչվերաց) հետո։
Երկար տարիներ այս օրերը ոչ աշխատանքային են եղել։ Դրա շնորհիվ Հայաստանի բնակիչները կարողացել են այցելել հարազատների շիրիմներին։ Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո դրանք չեղարկվել էին իշխանությունների կողմից։
Օրենսդրական նախաձեռնության մեջ տեղ գտած մյուս փոփոխությունների համաձայն՝ կառավարությունը կհաստատի հանրապետության մարզերի օրերը։ Երևանի օրը կշարունակի նշվել հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, իսկ մարզերի համար կառավարությունը օրեր կսահմանի՝ դրանք տարվա ընթացքում հավասարաչափ բաշխելով։ Յուրաքանչյուր մարզին նվիրված օրը կնշվի ամբողջ հանրապետությունում։
Ինչպես ավելի վաղ նշել էր Նազարյանը, այս տոների գաղափարը, որոնք կմնան աշխատանքային օրեր, այն է, որ օգնեն Հայաստանի տարբեր անկյուններում ապրող մարդկանց ավելի լավ ճանաչել իրենց երկրի տարբեր շրջանների պատմությունն ու մշակույթը։
News.am
