Ընտրություններում մեր հաղթանակի դեպքում հայկական բանակի տարեկան ծախսերը կհասցվեն ՀՆԱ-ի 8%-ին, ինչը նշանակում է, որ հենց առաջին տարում ծախսերը կավելանան 1 միլիարդ դոլարով։ Այս մասին մայիսի 12-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը։
Նա նաև տեղեկացրել է բանակի սպայական կազմի սոցիալական երաշխիքների բարձրացման ծրագրերի մասին։
Թաթոյանի խոսքով՝ պետք է ստեղծվեն այնպիսի մեխանիզմներ, որոնցով տեղերում գտնվող զորամիավորումները, անհրաժեշտության դեպքում, կկարողանան կայացնել ակնթարթային որոշումներ՝ առանց քաղաքական իշխանության հավանությանը սպասելու։
«Ընդհանուր առմամբ, անվտանգության համակարգը չպետք է կախված լինի երկրի ղեկավարից․ համակարգը պետք է աշխատի ավտոմատ ռեժիմով»,- ընդգծել է «Միասնության թևեր»-ի առաջնորդը:
Արման Թաթոյանը հավելել է, որ 500 միլիոն դոլար պետք է ուղղվի տեղական ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը՝ միաժամանակ մատնանշելով այն ընկերությունների գործունեության ընդլայնման անհրաժեշտությունը, որոնք այսօր զբաղված են այդ ոլորտում:
News.am
