ԵԱՏՄ անդամների համար «անընդունելի է այն իրավիճակը», երբ Հայաստանն իր օրենսդրությամբ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ «միևնույն ժամանակ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության բոլոր բարիքներից ու առավելություններից»։ Այս կապակցությամբ Մոսկվայում «այնքան էլ չեն հասկանում», թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այս միավորումներին անդամակցելու հարցով։ «RTVI» հեռուստաալիքին տված հատուկ հարցազրույցում այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչպես գիտեք, մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի տնտեսական անվտանգությանն սպառնացող այդ ռիսկերի վերաբերյալ մտահոգություն են հայտնել իմ նշած բոլոր չորս պետությունների ղեկավարները»,- «RTVI»-ի հետ զրույցում նշել է Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետի խոսքով՝ մինչև դեկտեմբեր «փորձագետները կուսումնասիրեն ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ թե՛ տնտեսական, թե՛ իրավական կողմերը»։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ համատեղ հայտարարության մեջ ԵԱՏՄ անդամ երկրների չորս նախագահները «կողմ են արտահայտվել, որպեսզի այդ հանրաքվեն անցկացվի մոտ ժամանակներս, քանի որ հայկական օրենսդրությամբ հանրաքվեի անցկացումն անհրաժեշտ պայման է՝ վերպետական ինտեգրացիոն կառույցներին Հայաստանի անդամակցության համար»։
«Այդ պատճառով մենք, անկեղծ ասած, այնքան էլ չենք հասկանում, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը հապաղում երկրի բնակիչներին հարցնել իրենց համար այս չափազանց կարևոր հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին։ Հավանաբար, չեմ բացառում, որ նման շտապողականության բացակայության հետևում կան ինչ-որ կոնյունկտուրային նկատառումներ, այնպես չէ՞»,- հանրաքվեի թեման մեկնաբանել է փոխնախարարը։
RTVI-ի զրուցակցի խոսքով՝ ԵԱՏՄ անդամների համար «անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանը պաշտոնապես հայտարարում և օրենսդրորեն ամրագրում է իր այսպես կոչված եվրաձգտումները՝ միևնույն ժամանակ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության բոլոր բարիքներից ու առավելություններից»։
«Ես ձեր հետ համաձայն չեմ։ Իմ կարծիքով՝ անցյալ տարվա ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը «Եվրոպական միությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» է։ Էլ ի՞նչ է մեզ ու ձեզ անհրաժեշտ արձանագրելու համար, որ Եվրոպական միությանն Հայաստանի անդամակցության գործընթացը սկսված է․ այս թեմայով հատուկ օրենք է ընդունվել։ Եվ որևէ այլ մեկնաբանություն ես այստեղ չեմ տեսնում»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը՝ ի պատասխան այն դիտարկմանը, որ Հայաստանը դեռևս ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ չի ներկայացրել և չունի թեկնածուի կարգավիճակ։
«Ընդհանուր առմամբ, այն հարցը, թե կոնկրետ ինչ գործողություններ են ձեռնարկվել, սկզբունքային նշանակություն չունի։ Սկզբունքային նշանակություն ունի այն, որ կա խորհրդարանի կողմից ընդունված և երկրի նախագահի կողմից ստորագրված օրենք։ Եվ կան գործնական քայլեր՝ ուղղված Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը»,- եզրափակել է Միխայիլ Գալուզինը։
News.am
