ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ, գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Անուշ Միրզոյանը։
«Դուք ինչպե՞ս եք պաշտոն բաժանում, գուցե լինի ընտրությունների երկրո՞րդ փուլ։ Ինչո՞ւ եք շտապում։ Ինչո՞ւ եք շտապել Ռուբեն Ռուբինյանին կարգել ԱԺ նախագահ, ես հարց ունեմ. Ռուբեն Ռուբինյանն իր ուսանողական տարիներին ի՞նչ գործունեությամբ է զբաղվել, երբ եղել է Թուրքիայում։
Նրան առաջիններից մեկը, որ շնորհավորել է՝ թուրք գործընկերը՝ Սերդար Քըլըչն է, մաղթել է «շարունակական հաջողություններ»։ Հաջողություններ ո՞ւմ համար, Թուրքիայի՞։ Ժողովուրդը շատ հարցեր ունի։
Ինչ վերաբերում է Փաշինյանի շտապողականությանը․ նախ՝ նա իր հաղթանակի մասին հայտարարել է, երբ ընդամենը 10% քվեաթերթիկների հաշվարկ էր ընթանում։ Դա խոսում է նրա մասին, որ Փաշինյանը հասկացել էր՝ չի հաղթում։
Հիմա էլ, երբ դեռ որոշում չկա ՍԴ-ի կողմից՝ պաշտոններ են բաժանում։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չի ուզում երկրորդ փուլ, որովհետև վստահ չի, որ այն ռեսուրսը, որ կիրառել է՝ էլի կկարողանա կիրառել։
ՍԴ-ից ակնկալիքը հետևյալն է․ ապացուցել, որ ՀՀ-ում կա և՛ Սահմանադրություն և՛ կա սահմանադրականություն, հենց սրա մասին այսօր ՍԴ-ում իր ելույթի ժամանակ մեջբերեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ժողովուրդը, անկախ վերապահումներից ՍԴ-ի վերաբերյալ, հույս ունի, որ ՍԴ-ն կծառայի ժողովրդի, ժողովրդավարության շահերին»։
Aysor.am
