Логотип

Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվեց

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը վերացվեց։ Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը։

Վարույթը փոխանցվեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

«Վերաքննիչ դատարանը գտավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սույն դեպքում չի հանդիսացել որպես օրենքի հիման վրա ստեղծված և պատշաճ դատարանը, այդ իսկ պատճառով դատավճիռը բեկանվել է, և վարույթը փոխանցվել է, մեր կարծիքով, ըստ պատշաճի ընդդատության»,- նշեց դատավոր Էդգար Մանասյանը։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025 թ. հունիսի 28–ին։

Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։

Sputnik Արմենիա