Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությամբ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, հետաքրքրված ենք մեր հարաբերությունների շարունակմամբ։ Առաջիկայում շփումներ կլինեն»,– ասաց դիվանագետը` պատասխանելով երկկողմ հարաբերությունների մասին հարցին:
Ինչ վերաբերում է առանձին հանդիպումներին, ապա Սաֆարյանը նշեց` եթե նման հանդիպումներ լինեն, անպայման կտեղեկացնեն, և հավելեց` անպայման կլինեն։
Հիշեցնենք` հունիսի 3–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշեց` հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն։ Հունիսի 29-ին նա հայտարարեց, որ Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։
Sputnik Արմենիա
