Логотип

ՆԳՆ․ Կարբիում 13-ամյա աշակերտը բռնության է ենթարկվել համադասարանցիների կողմից

Արագածոտնի մարզի Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա աշակերտը բռնության է ենթարկվել դասընկերների կողմից։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ համայնքային ոստիկանությունն ահազանգը ստացել է մայիսի 11–ին։

Ըստ ահազանգի՝ տղան պարբերաբար է բռնության ենթարկվել համադասարանցիների կողմից, սակայն կատարվածի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։

Ոստիկանությունը պարզել է, որ ապրիլի 17-ին աշակերտի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։

Մայիսի 11-ին տղայի մայրը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Համայնքային ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։

ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Sputnik Արմենիա