Логотип

ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Այս տվյալը ներկայացվել է գերատեսչության ղեկավար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

«Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը․ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ»,– ասված է հաղորդագրությունում։

Նախարարը նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված՝ ուղղված ընտրական գործընթացների պատշաճ ապահովմանը։

Sputnik Արմենիա