Логотип

Նեթանյահուն Թրամփին ասել է, որ կշարունակի գործողությունը Լիբանանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ իսրայելցի զինվորականները կմնան Լիբանանում և կշարունակեն «Հզբոլլահի» դեմ արշավը՝ չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիր ստորագրելու ծրագրերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին հաստատել էին աշխատանքների ավարտը փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին: Իրանի արտգործնախարարի խոսքով՝ հուշագիրը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:

«Նեթանյահուն ասել է Թրամփին, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից, և որ լիբանանյան խնդրի մասով նա իրեն չի համարում Իրանի հետ համաձայնագրով կաշկանդված: Նեթանյահուն հստակ հասկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում ներկայում իր զբաղեցրած դիրքերում և կշարունակի հակազդել «Հզբոլլահի» սպառնալիքին»,– ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։

Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ արձակեց 49 Tomahawk թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածեց տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակեց Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար:

Հունիսի 14–ին ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։

Sputnik Արմենիա