Логотип

Նոր տուրք ՀՀ-ում. եթե IMEI կոդը գրանցված չլինի, սմարթֆոնը հնարավոր չի լինի օգտագործել

Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ կներդրվի։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա նշեց, որ անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում կոդերը կգրանցվեն առցանց։

«Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների գրանցման և վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում` չմաքսազերծված և կեղծ կոդերով բջջային սարքերի շրջանառություն, հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում, անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաև կոդեր և անձնական անվտանգության ռիսկեր»,– ասաց նախարարը։

Այդ իսկ պատճառով, ըստ նրա, այդ ռիսկերի չեզոքացման համար կառավարությունը որոշել է համապարփակ կարգավորում ներդնել, ըստ որի` կներդրվի մեկ միասնական գրանցման և վերահսկողության նոր պետական համակարգ, կսահմանվի շարժական բջջային կապի ցանցի օպերատորների կողմից բջջային կապի ծառայություններ մատուցելիս IMA կոդի գրանցման ստուգման պարտադիր պահանջ, և այս ամենի արդյունքում անհատը կկարողանա իր նոր բջջային հեռախոսի IMA կոդն առցանց անվտանգ գրանցել։

Հայրապետյանը մանրամասնեց` եթե անհատը բջջային հեռախոս է ներմուծում, որն արտադրվել է կա՛մ ընթացիկ տարում, կա՛մ նախորդ տարում, ապա գրանցման համար պետք է վճարի 3000 դրամ պետական տուրք։ Եթե ավելի հին հեռախոս է, ապա գրանցման համար որևէ տուրք չի նախատեսվում։

Մեկ այլ կարգավորում կա նաև մեկից ավելի բջջային հեռախոս նույն տարում ներմուծելու դեպքում։ Նախարարի խոսքով` այս դեպքում, եթե հեռախոսը 2026 թվականի արտադրության է, ապա անձը պետք է գրանցման համար վճարի 100 հազար դրամ տուրք, իսկ 2025 թ. արտադրության համար` 20 հազար դրամ։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ապա նրանք մինչև 2 տարեկան հեռախոսների համար կվճարեն 3000 դրամ գրանցման տուրք յուրաքանչյուր հեռախոսի համար, ինչպես նաև տարեկան 250 հազար դրամ պետական տուրք։

Նախարարը զգուշացրեց, որ բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը, եթե IMA կոդը գրանցված չլինի։ Հայրապետյանի խոսքով` այսպիսով հնարավոր կլինի պայքարել բջջային հեռախոսների սև շուկայի դեմ։ ՊեԿ–ի տվյալներով` այս շուկայում կա 30–40 տոկոսանոց ստվերային շրջանառություն, որը միջինից բարձր ցուցանիշ է համարվում։

Ի դեպ, այս կարգավորումները չեն տարածվի այն հեռախոսների վրա, որոնք արդեն իսկ միացված են բջջային օպերատորների ցանցին ու գործող համակարգեր են։

Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թ. հունվարի 1–ից։

Sputnik Արմենիա