ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակցությունները պետք է անցկացվեին Շվեցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։ Բանակցություններին մասնակցելու էին նաև Կատարի և Պակիստանի պատվիրակությունները։
«ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Շվեյցարիան նախկինի պես պատրաստ է աջակցել այդ բանակցություններին»,- ասվում է Շվեյցարիայի Համադաշնության ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքները Բյուրգենշտոկում շարունակվում են։
Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարությունը տարածել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան խոսնակը գիշերը հայտնել էր, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է հունիսի 19-ին Շվեյցարիայում իրանցի բանակցողների հետ նախատեսված հանդիպումից։ Բանակցությունների նպատակն էր սկսել Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումները։
Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը հավելել է, որ սպասվող հանդիպման նոր ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն դեռ հասանելի չէ։
Հավելենք, որ ի սկզբանե նշվում էր, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև հունիսի 19-ին հուշագիր կստորագրվի Պակիստանի միջնորդությամբ, սակայն դա տեղի ունեցավ ավելի վաղ՝ հունիսի 17-ի ուշ երեկոյան՝ հեռավար ու էլեկտրոնային եղանակով։
Sputnik Արմենիա
