«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ` պնդելով, որ վերջինը զրպարտություն է տարածել մայիսի 3–ի լուրերի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին` հրապարակայնորեն հերքել «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները»,– ասված է ներկայացված հայցում։
Ըստ դրա` «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո պետք է հրապարակվի հերքող տեքստ։
Հայցով նշվում է, որ հերքման տեքստում պետք է ասվի հետևյալը.
«2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»:
Հավելենք, որ հայցը դատարան է ներկայացվել մայիսի 15-ին, գործը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
