«Ուժեղ Հայաստան» կուսակցության ավելի քան 100 ներկայացուցիչ արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լիանա Գասպարյանը։
Նշենք, որ նախընտրական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ և ձայնագրություններ է տարածում` պնդելով, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները նյութապես փորձում են շահագրգռել ընտրողներին` խորհրդարանական ընտրություններում իրենց օգտին քվեարկելու համար։
«Հակակոռուպցիոն կոմիտեն տարածում է ենթադրյալ հանցագործության մասին հաղորդագրություններ, դիտավորյալ շեշտը դնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վրա, ինչը նախընտրական քարոզարշավի ընթացքում օրենսդրորեն արգելված է։ Սա ՔՊ–ի կողմից իշխանական լծակների ակնհայտ չարաշահում է։ Այս պահի դրությամբ, 100–ից ավելի ներկայացուցիչ ունի մեղադրյալի կարգավիճակ։ Հենց իմ վարույթի շրջանակներում ես ունեմ 3 մեղադրյալ, որոնց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Մեղադրյալների մի մասի նկատմամբ կիրառվել է կալանք, մյուս մասի նկատմամբ` տնային կալանք, իսկ մեկ այլ հատված էլ վարչական հսկողության տակ է»,– ասաց Գասպարյանը։
Միևնույն ժամանակ փաստաբանը շեշտեց, որ չի կարող հստակ ասել, թե կալանքի տակ գտնվողները գերակշիռ մաս են կազմում։
Գասպարյանի խոսքով` Հակակոռուպցիոն կոմիտեն դիտավորյալ է հրապարակում կտրած, ոչ ամբողջական և կոնտեքստից դուրս ձայնագրություններ, որոնք չեն համապատասխանում իրական բովանդակությանը։
Ըստ փաստաբանի` նման գործողություններ իրականացվում են միայն «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ։
