Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ադրբեջանը հաջողությամբ համադրում է իր ռազմավարական աշխարհագրական դիրքը աճող տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային ազդեցության հետ։
Այդ հայտարարությունն արվել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է АРА-ն:
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Հարավային Կովկասը Եվրոպան, Կասպից ծովի տարածաշրջանը և Կենտրոնական Ասիան միացնող կարևորագույն խաչմերուկներից մեկն է, և դրա ռազմավարական նշանակությունը շարունակում է աճել։
«Ադրբեջանը հաջողությամբ համադրում է իր ռազմավարական աշխարհագրական դիրքը, աճող տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային ազդեցությունը»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ այս գործընթացում Ադրբեջանը կենտրոնական դեր է խաղում և շահեկան դիրք ունի տարածաշրջանային համագործակցության ու կայունության զարգացման համար։
Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև ստեղծել փոխկապակցվածության գործընկերություն։ Նա հստակեցրել է, որ նախաձեռնությունն իրականացվելու է փոխկապակցվածության շուրջ բարձր մակարդակի երկխոսությանը զուգահեռ, որն ընդգրկում է տրանսպորտը, էներգետիկան և թվային ոլորտը։
Ֆոն դեր Լայենը հայտարարել է նաև, որ Եվրոպական Միությունը ծրագրում է Բաքվում կազմակերպել տարածաշրջանային փոխկապակցվածության վերաբերյալ ներդրումային համաժողով, որը կմիավորի Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։
Նա հավելել է, որ Բաքու է ժամանել Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար՝ նշելով, որ համագործակցությունը դինամիկա է հավաքում և կարևոր նշանակություն ունի երկու կողմերի համար էլ։
News.am
