Ռուսաստանը դիտարկում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին շուկան վառելիքով ապահովելու խորհրդակցության ժամանակ։
«Տեղական սպառողների շահերից ելնելով՝ ժամանակավորապես արգելվել է բենզինի և ավիակերոսինի արտահանումը։ Դիտարկվում է նաև դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու անհրաժեշտությունը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ներկայում ՌԴ-ում բենզինի պաշարները կազմում են 1,7 մլն տոննա, ինչը գրեթե համապատասխանում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին: Կա մի փոքր նվազում՝ 4%:
Պուտինը հայտնել է նաև, որ կառավարությունը հատուկ շտաբ է ստեղծել ՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակի օպերատիվ մոնիտորինգի համար, այն աշխատում է շուրջօրյա ռեժիմով:
«Այսօր առավելագույնս օգտագործվում են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանների հզորությունները, կիրառվում է փոքր և միջին նավթավերամշակման գործարանների ներուժը: Բացի այդ, հետաձգվել են նման ձեռնարկությունների պլանային վերանորոգումները, իսկ ընթացիկներն իրականացվում են կրճատված ժամկետներում»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ներքին վառելիքի շուկայի կայունացումը կախված է համակարգային միջոցների ձեռնարկումից. անհրաժեշտ է մեծացնել վառելիքի արտադրությունը և պահպանել դրա տնտեսապես հիմնավորված գները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության անդամներ և Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերությունների ղեկավարներ:
Sputnik Արմենիա
