Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանն ուզում են, որ Հայաստանը հնարավորինս սեղմ ժամկետներում հստակեցնի ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու հարցում իր դիրքորոշումը։ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը, ինչպես և ԵԱՏՄ մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, ցանկանում են, որ այս հարցում հնարավորինս շուտ հստակություն մտցվի»,— ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ պատահական չէ Միության չորս երկրների առաջնորդների մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ շեշտադրվում Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ դա Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է՝ վերպետական միջազգային կազմակերպություններին երկրի անդամակցության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։
Զախարովան հավելել է, որ Միության չորս երկրների կառավարությունները պետք է համատեղ վերլուծական զեկույց պատրաստեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ և այն ներկայացնեն մինչև դեկտեմբերին կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։
«Եվ այդ աշխատանքը, անշուշտ, կիրականացվի»,— եզրափակել է նա։
News.am
