Логотип

Ռուսական շուկայից զրկվելն ի՞նչ գին կունենա մեր տնտեսության համար․ ԿԲ նախագահի պատասխանը

Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ի գնահատմամբ՝ գնանկումային ազդեցությունը կարող է լինել մինչև 0,6 տոկոս։

«Այսինքն՝ այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է։ Բանջարեղեն, հանքային, գազավորված ջրեր, ալկոհոլային խմիչքների որոշակի մաս, կորիզավորներ՝ այստեղ որոշակի զգայունություն ունենք, ու կարող է՝ գնանկումային երևույթներ ունենանք»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով` եթե հնարավոր եղավ փոխարինել ռուսական շուկան, այսինքն՝ արտահանումը չտուժեց, ապա այս էֆեկտներն ավելի մեղմ կլինեն։

Գալստյանի խոսքով՝ արտահանման նվազման պայմաններում նաև դեֆլյացիայի ռիսկ կա (երբ առաջարկը մեծ է ցածր պահանջարկի պայմաններում. խմբ․)։

«Եթե արտահանումն էական նվազում ունենա, ու մենք վճարային հաշվեկշռի այլ կոմպոնենտներով չչեզոքացնենք այն ներհոսքի տեսքով, դա կարող է ազդեցություն ունենալ դրամ-դոլար կամ դրամ-ռուբլի փոխարժեքի վրա»,- նշեց ԿԲ նախագահը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հաշվի առնելով ֆերմերների վարկային պարտավորությունները, հնարավո՞ր է առևտրային բանկերի հետ քննարկումներ լինեն այդ պարտավորությունների համար որոշակի արձակուրդ սահմանելու նպատակով արտահանումների սահմանափակումների պայմաններում, Գալստյանը նշեց՝ առայժմ բանկերի հետ քննարկումներ չկան, սակայն նման սցենար քննարկվում է կառավարության գործընկերների հետ։

Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ վատագույն սցենարի դեպքում Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները կարող են հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 2%-ի նվազման։

Հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը, ընդ որում` այն ապրանքները, որոնց նկատմամբ ռուսական կողմը սահմանափակումներ է մտցրել, կազմում են այդ ծավալի մոտ մեկ երրորդը։

ԿԲ նախարար Մարտին Գալստյանը հավելեց` հնարավոր բացասական ազդեցության մասշտաբը կախված կլինի սահմանափակումների տևողությունից։

Sputnik Արմենիա