Логотип

ՍԴ-ն ընտրություններին վերաբերող գործով մի շարք պետական մարմիններից փաստաթղթեր է պահանջել

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշումներ է կայացրել, որոնցով ՍԴ դիմած 7 քաղաքական ուժերի դիմումնները կքննի մեկ վարույթով։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել ԿԸՀ–ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումը։

Սահմանադրական դատարանը այս գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է ՍԴ ներկայացնել ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանների վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները։

Բացի այդ, ՍԴ–ն դատախազությունից պահանջել է ՍԴ ներկայացնել ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի առնչությամբ Դատախազության իրավասության շրջանակներում ձեռնարկված միջոցների, ընթացքի ու արդյունքների մասին տեղեկատվություն, դատական դեպարտամենտից՝ ընտրություններին առնչվող դատական ակտերը։

ՍԴ–ն Հակակոռուպցիոն կոմիտեից դատարանը պահանջել է ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ կոմիտեի իրավասության շրջանակներում քննվող (քննված) գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ։

ՍԴ–ն Քննչական կոմիտեից պահանջել է ՔԿ–ի իրավասության շրջանակներում քննվող (քննված) գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ։

ՍԴ–ն ՆԳՆ–ից պահանջել է ընտրություններին առնչվող՝ ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասության շրջանակներում արձանագրված իրավախախտումների ու դրանց առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ։

ՍԴ–ն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջել է ամփոփ տեղեկանք նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման հարցի առնչությամբ հանձնաժողովի կողմից տեսալսողական ծառայություն մատուցողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների և դրանց արդյունքներով ընդունված որոշումների վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ ՍԴ–ն որոշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» այս վարույթով հանդես է գալու որպես երրրորդ կողմ, որն իրավունք կունենա հանդես գալ մինչև 40 րոե։

ՍԴ-ի կողմից զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Նրանք չեն մասնակցի գործի քննությանը։