ՍԴ-ում երկրորդ օրն է՝ շարունակում են քննել հունիսի 14-ի` «ՀՀ ԱԺ հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճը:
Հայցի քննությունն սկսվել էր նախօրեին՝ հունիսի 26-ին, երբ ՍԴ-ն լսել էր դիմում ներկայացրած քաղաքական ուժերի մի մասի հայցերը։
ՍԴ-ում ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում են մուտքագրել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Նոր ուժ», «Հանուն Հանրապետության», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավվել է որպես երրորդ կողմ, որը նիստին ներկայացրել է կուսակցության ներկայացուցիչ՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և Երևանի ավագանու անդամ Սուրեն Գրիգորյանը։
Գալյանը նիստից առաջ հայտարարել է, որ իր առջև «արդարադատության իրականացման խնդիր դրված չէ և չի կարող լինել»։ Այսպես է նա պատասխանել հարցին, թե արդյոք իրեն չի՞ խանգարում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչի կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ, միաժամանակ, նա նաև նախարար է այն քաղաքացիների համար, որոնք իրենց քվեները վիճարկում են Սահմանադրական դատարանում։
Քննարկման երկրորդ օրը «Նոր ուժ» կուսակցությունը դադարեցրել է իր մասնակցությունը ՍԴ-ում մեկնարկած գործընթացին։ Ինչպես հայտնել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատարանն ստացել է համապատասխան ծանուցում։
Քանի որ դատարան ներկայանալը կամ նիստերին մասնակցելը կողմի որոշելիքն է, նիստը շարունակվել է առանց կուսակցության։ Պատճառները կուսակցությունը չի հայտնել։
«Միասնության թևեր»-ը ՍԴ-ին առաջարկել է ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնել։ ՍԴ դատավորները որոշել են մերժել կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանի առաջարկությունը և շարունակել դատաքննությունը։ Նրանք ընդգծել են, որ սեղմ ժամկետներ են սահմանված դատաքննության համար:
ԲՀԿ-ն միջնորդություն է ներկայացրել ընտրություններում օգտագործված ծրարների թափանցիկության հարցով։
Թափանցիկ ծրարների առկայության դեպքում, ըստ ներկայացուցչի, անհնար է ապահովել ընտրությունների գաղտնիությունը, իսկ եթե որևիցե ընտրություն չի անցկացվել գաղտնի, ապա այն առնվազն չի կարող համարվել ՀՀ սահմանադրությամբ ընտրական գործընթացներին վերաբերող և սահմանված պահանջներին համապատասխան ընտրություն։
Կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ ՍԴ-ն պետք է ընտրությունների արդյունքներն ամբողջ Հայաստանի տարածքում չեղյալ հայտարարի։ Նրա խոսքով՝ արձանագրված խախտումներն այնպիսին են, որ վերաքվեարկության անհրաժեշտություն կա։ Բացի այդ, նրա խոսքով, ՍԴ-ն պետք է սահմանի մանդատների բաշխման նոր կարգ։ Օրբելյանի պնդմամբ՝ մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն, իրականում, գերազանցում է 4%-ի շեմը։
Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։
Armenia Today
