Логотип

Սաղաթելյան․ ՍԴ-ի որոշումից հետո կհայտնենք՝ վերցնու՞մ ենք մանդատները, թե՞ ոչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջիկա օրերին կպարզվի՝ սահմանադրական բարձր դատարանը կմնա օրենքի շրջանակում, իր դերում, թե չէ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այնպես չէ, որ դատարանը արդեն ունի հեղինակություն, շարժվել է մինչև հիմա օրենքի շրջանակներում, բայց ամեն դեպքում դիմում կա, հնարավորություն տրված է, տեսնենք ինչ արդյունք կլինի։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, չենք վերցնում, եթե վերցնում ենք ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում և գնալու դեպքում ինչ օրակարգով, ինչ քայլերով, ինչ ռեժիմով, ինչ ենք անելու, չգնալու դեպքում ինչ ենք անելու։

Մինչև հիմա ունեցել ենք տարբեր քննարկումներ և մեր դաշինքի, կուսակցության ներսում և գործընկերների հետ այդ քննարկումները շարունակվում են, վերջնական եզրակացության կգանք սահմանադրական դատարանի որոշումից հետո»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները խեղաթյուրված են և մեր ժողովրդի իրական կամարտահայտությունը չի արտահայտվում. «Ընտրությունները ամբողջությամբ անցել են կեղծիքի մթնոլորտում նախընտրական շրջանում, բուն ընտրությունների օրը և դրանք շարունակում են նաև հետընտրական շրջանում, այդ թվում նաև ԿԸՀ–ի խայտառակ որոշումը, որը օրը ցերեկով գողացավ ԲՀԿ–ի 60 000 քվեն մեկ ստորագրությամբ»,–ասաց ընդդիմադիր գործիչը։

Հարցին՝ ե՞րբ ընդդիմությանը կտեսնենք փողոցում, նա պատասխանեց. «Երբ որ ընդդիմությունը որոշի, կազմակերպի։ Միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չի։ Եթե մենք գնանք խորհրդարան, այդ հինգ տարվա մեջ պետք է նկատած լինեիք, որ մենք չենք գնացել, մնացել խորհրդարանում, առնվազն հինգ տարվա մեջ երեք հատ խոշոր շարժում է գեներացվել և փորձ է արվել այս իշխանությանը հեռացնել։ Այդ հարցը տվեք նրանց, ովքեր այս հինգ տարվա մեջ ոչինչ չեն արել, այդ հարցը ինձ մի տվեք։

Տարբեր սցենարներ քննարկվում են ու նաև կա խորը գիտակցությունը, որ պետք է փողոց դուրս գալ առավելագույնը կազմակերպված, որպեսզի հաջողությունը լինի անխուսափելի։ Այսինքն փողոց դուրս գալ, փողոց դուրս գալու համար դա ճիշտ չէ»։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։ Մասնավորապես, համատեղ ակցիա են անում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Այստեղ են նաև ԲՀԿ–ականները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները։

Նշենք, որ այսօր ՍԴ–ում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։

News.am