Логотип

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը

Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը, «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ-ից: Այսպիսով, ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցեն ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը:

Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով դիմում երեկ ՍԴ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով: Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերից մեկն է:

Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից պարզաբանեցին, որ «Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել:

Հղում անելով «Սահմանադրական դատարանի մասին օրենքի» 16-րդ հոդվածի, 3-րդ կետին՝ բարձր դատարանի արտաքին կապերի բաժինը նշում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը: Հետևաբար միայն այդ դեպքում է քննվում հարցը, ինչը և տեղի է ունեցել դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի դեպքում:

ՍԴ-ն օրերս որոշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Փաստորեն ստացվում է, որ ՍԴ 9 դատավորներից որևէ մեկը Սեդա Սաֆարյանի կանխակալ վերաբերմունք ունենալու մասով որևէ խնդիր չի տեսել և հետևաբար այդ հարցն էլ չեն բարձրացրել:

News.am