Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի մոտ գտնվող «Սոճուտ» հանգստյան տունը սեփականատերերի ընդդիմադիր հայացքների պատճառով փակվել է, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ հանգստավայրը կապվում է խորհրդային տարիների պաշտոնյա Ալեքսեյ Մատվեյիչի որդու՝ Աշոտ Կիրակոսյանի անվան հետ։ Նա, թերթի տեղեկություններով, մտերիմ է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։
Ըստ հրապարակման՝ հանգստյան գոտին փակվել է հակահրդեհային կանոնների խախտման պատրվակով։ Տնօրինությունը վերացրել է այդ խախտումները և գրավոր դիմել վերահսկող կառույցին, բայց դեռևս պատասխան չի ստացել, գրել է թերթը։
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վերահսկող մարմիններն ընդդիմադիր գործիչներին առնչվող մի շարք տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ էին սկսել։ Դրանք հետևել են դեռևս նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ «միլարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Փաշինյանը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Հունիսի 19-ին ԲՀԿ-ից հայտնել էին Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպի» տասնյակ ընկերություններում հարկային ստուգումների մասին։ Հունիսի 22-ին ուժը կորցրած էր ճանաչվել Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան կազմակերպման լիցենզիան։ Քաղաքական ուժն այս գործընթացները քաղաքական հետապնդում էր որակել։
Armenia Today
