Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ 4–րդ հանրային քրեական հետապնդումն է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեից հայտնում են, որ այս տարվա մայիսի 27–ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։
Մասնավորապես, դատական նիստի ավարտից անմիջապես հետո Ղուկասյանը փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը:
«Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Ղուկասյանին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Քննիչի միջնորդության հիման վրա հունիսի 25–ին հսկող դատախազը Ղուկասյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452–րդ հոդվածի 3–րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
