ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարիք չի տեսնում արձագանքելու Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։ Նա այդ մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Հունիսի 28–ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին: Այժմ բանաձևը պետք է քվեարկության դրվի Քնեսեթում։
«Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,– ասաց ՀՀ վարչապետը։
Ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ևս չեն մեկնաբանել Իսրայելի կառավարության այս որոշումը։
Sputnik Արմենիա
