Логотип

Փաշինյանը խոսակցությունը տանում է այլ կողմ. Զախարովան՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասին իր վերջին հայտարարություններով խոսակցությունն այլ կողմ է տանում, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ պաշտոնյան այսպես է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՏՄ-ն պետք է հստակ որոշի՝ արդյոք միությունում գործում է ապրանքների, ծառայությունների, ֆինանսների ազատ տեղաշարժը։ Փաշինյանն ընդգծել էր, եթե այդ տեղաշարժը չկա, ապա ԵԱՏՄ-ն էլ չկա։

Զախարովայի խոսքով՝ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Երևանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման հետ կապված։Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ պատասխանի Եվրասիական տնտեսական միության և ԵՄ-ի միջև իր ռազմավարական ընտրության հարցին։ Ըստ Զախարովայի` ՀՀ իշխանությունների վարքագիծը չի կարող համարվել տնտեսական միությանը բարեխիղճ անդամակցություն։

Զախարովայի կարծիքով, ՀՀ վարչապետը անպատասխան է թողնում գլխավոր հարցը. ինչպե՞ս կարելի է 2025 թվականին ընդունել «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, բազմիցս պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ԵՄ-ի հետ համատեղ հռչակագրեր ստորագրել, որոնցում թվարկված են հանրապետությունը միությանը մոտեցնելու կոնկրետ քայլեր, և միաժամանակ հայտարարել ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ մնալու մտադրության մասին։

«Ըստ էության, թվում է, թե Միության շրջանակներում Երևանի գործունեությունը ընդամենը ժամանակավոր միջոց է եվրոպական դաշինքին անդամակցելու համար, որի չափանիշներն ու կանոնները արմատապես տարբերվում են ԵԱՏՄ-ից և որը, ավելին, Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում: Նման վարքագիծը չի կարելի անվանել ԵԱՏՄ-ին բարեխիղճ անդամակցություն», – հավելել է նա։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:

Sputnik Արմենիա