Логотип

Փաշինյանը հեռախոսով զրուցել է Հնդկաստանի վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։

Վարչապետներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին։

Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առաջ մղել հավակնոտ նոր նախաձեռնությունները Հնդկաստանի հետ համագործակցության բոլոր ոլորտներում և մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։

Sputnik Արմենիա