Логотип

Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում փաստացի տեղի է ունենում մասնավոր սեփականության, առհասարակ՝ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք՝ սարկա՞զմ է։ Ամենևին: Դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ անձի քմահաճույքով մի գիշերում որոշել, որ այսինչ ընկերությունն արդեն պետությանը պետք է անցնի, մեկ ուրիշը՝ քաղաքապետարանին, պետք է խլել անշարժ ու շարժական գույքեր, բաժնեմասեր և այլն։

Հարկավ, խոսքն այս պարագայում «Մուլտի գրուպի» սեփականատեր, ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իշխանական հարձակումների մասին է։ Բայց սա նաև առաջին դեպքը չէ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին նույն փաշինյանական իշխանությունը կենտրոնացած էր Սամվել Կարապետյանից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» խլելու գործողության վրա: «Ձեռքի հետ» էլ՝ «Տաշիր գրուպի» այլ միավորների վրա էին հարձակումներ գործում:

Մանրամասների մեջ չխորանանք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով լուսաբանվել ու լուսաբանվում է, բոլորն էլ տեղյակ են: Ոչ պակաս խորքային ու կարևոր խնդիր կա այստեղ: Ու խնդիրն այդ, ինչպես սկզբում նշեցինք, Հայաստանում սեփականության իրավունքի վախճանն է: Առանց գեղարվեստականության ու չափազանցության՝ հենց վախճանը, ինչի մասին բարձրաձայնում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև իրավաբանները:

Իսկ սեփականության իրավունքի վախճանը, սեփականության իրավունքի հուղարկավորությունը ծանրագույն հետևանքներ է ունենալու երկրի վրա, տնտեսության վրա: Բնականաբար, նույնքան կամ ավելի ծանր հետևանքներ է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա: Անգամ կարող է դեմոգրաֆիկ խնդիրների պատճառ դառնալ:

Բայց երկիրն է ափսոս, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում», ավելի կոնկրետ՝ երկրի տնտեսության ու գործարարական միջավայրի:

Միով բանիվ՝ այս իշխանություններն, ինչպես բոլոր մյուս ոլորտներում, գործունեության ասպարեզներում և ուղղություններում են «բուլդոզերային քաղաքականություն» վարել 8 տարի, նույնը շարունակում են հիմա: Պարզապես արդեն շատ ավելի ինտենսիվ, ավելի ցինիկ ու բացահայտ, արդեն առանց ձևականությունների, առանց «սրտիկ-մրտիկ» ցուցադրելու:

Իսկ ի՞նչ է կատարվելու ու կատարվում այդ ամենի, այդ «բռնագանձումային» դրսևորումների հետևանքով:

Նախ՝ հիմքից խախտվում է Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված սեփականության երաշխավորումն ու սեփականության իրավունքը (հոդված 10):

Հիմնովին խաթարվում է երկրի տնտեսական, ներդրումային միջավայրը: Նման երկրում ո՛չ արտաքին, ո՛չ էլ, առավել ևս, ներքին ներդրողներն այլևս չեն ցանկանա ներդրումներ անել, եթե մեկ անձի քմահաճույքով մի օր կարող են որոշել, որ քո ունեցածն այլևս… քոնը չէ: Իմաստ ունի՞ ներդրումներ անել մի երկրում, որտեղ եթե մեկը գիշերը քնած տեղը մի քիչ բարձր խռմփացնի, առավոտյան կարող են գալ ու ասել՝ այլևս այս ներքնակը քոնը չէ, մահճակալը քոնը չէ, տունն էլ քոնը չէ, դու էլ ընդհանրապես կալանավորված ես: Ինչո՞ւ: Դե, որովհետև ինչ-որ բան դուր չի եկել մեկ անձի: Եվ վերջ»։

Aysor.am