Логотип

Փաշինյան․ ԵՄ-ն Հայաստանի համար չի փոխի ներմուծման համար անհրաժեշտ ընթացակարգերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ ԵՄ–ում հայկական արտադրանքի անմաքս արտահանման մասին որոշումն ուժի մեջ մտնելու համար ժամանակ կպահանջվի և զգուշացրել է, որ ներմուծման համար անհրաժեշտ ընթացակարգերը Եվրամիությունը հատուկ Հայաստանի համար չի փոխի:

Այսօր ավելի վաղ Փաշինյանի հետ ճեպազրույցում Եվրահանձնաժողովի ղեկավար ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն ծրագրում է չեղարկել միության երկրներ հայաստանյան արտահանման 80 %-ի մաքսատուրքերը։ Նրա խոսքով՝ այս մեխանիզմը դեպի Եվրոպա դռներ կբացի Հայաստանի թարմ գյուղատնտեսական արտադրանքի, բանջարեղենի, մրգերի և օրգանական արտադրանքի գրեթե 99 տոկոսի, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման 90 %-ի համար:

«Այդ որոշումների ընդունումը (այդ թվում՝ անդամ երկրների մակարդակով) ժամանակ կպահանջի, սակայն Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ է տրամադրում նշված ապրանքներն արտահանողներին, ինչով որոշակիորեն կփոխհատուցվեն այդ տուրքերը»,-ասել է Փաշինյանը՝ խոսելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցի արդյունքների մասին։

Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությունն անհրաժեշտ է, բայց բավարար պայման չէ, որպեսզի հայկական բիզնեսը կարողանա մուտք գործել Եվրամիության շուկա:

«Մեր մասնավոր հատվածը և բիզնեսը պետք է սովորեն օգտվել մեխանիզմներից։ Պետք է արձանագրենք, որ մեր արտահանողների զգալի, եթե ոչ մեծ մասի համար սա բոլորովին նոր ուղղություն է։ Բնականաբար, հատուկ մեզ համար Եվրոպական միության ներմուծման ընթացակարգերը չեն փոխվի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ազատ տնտեսական ռեժիմի դեպքում կան փաստաթղթաշրջանառության որոշակի կանոններ և այլն։ Փոխաբերական իմաստով ասած՝ Եվրոպա դույլերով ծիրան տանել չի կարելի», – հավելել է վարչապետը։

Այդ կապակցությամբ նա հավելել է, որ եղել են դեպքեր, երբ մի շարք հարցերի (այդ թվում՝ բեռնատարի վարորդի և մաքսային տեսուչի միջև պարզ լեզվական թյուրիմացության պատճառով) պատճառով բեռները կանգնեցվել են Եվրամիության սահմանին։

«Դա հաշվի առնելով՝ մենք պայմանավորվել ենք բիզնեսի համար նախապատրաստական դասընթացներ անցկացնել», – հայտարարել է Փաշինյանը։

Sputnik Արմենիա