Ռուսաստանի իշխանությունների համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ քաղաքական առաջնորդ չէ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Դրա վառ օրինակը, ինչպես նշել է քաղաքագետը, այն է, որ նրանք չեն շնորհավորել Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ։
Նա, մասնավորապես, համառոտ համեմատական վերլուծություն է անցկացրել 2018, 2021 և 2026 թվականների ընտրական գործընթացների միջև։ Ըստ փորձագետի՝ 2018 և 2021 թվականներին խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հաղթանակը Կրեմլում, մեծ հաշվով, չեն վիճարկել։ Մաթևոսյանը կարծում է, որ Մոսկվայում, ընդհանուր առմամբ, Փաշինյանին համարում էին հարաբերականորեն ընդունելի կերպար։
«Հիմա Նիկոլ Փաշինյանը չունի ձայների 50+1 տոկոսը։ Դա բժշկական փաստ է, որն արձանագրվեց վերջին ընտրություններով։ Եվ այստեղ քաղաքացիներին մնում է միայն շնորհակալություն հայտնել իրենց ակտիվ մասնակցության համար։ Դրա հաշվին Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց հավաքել ձայների 50+1 տոկոսը»,- ասել է քաղաքագետը։
Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ չի շնորհավորել ոչ միայն Ռուսաստանի նախագահը, այլև Չինաստանի առաջնորդը, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդը։
Մաթևոսյանի բնորոշմամբ՝ եթե հիմք ընդունվի Հայաստանում գործող իշխանության քարոզչությունը, անսպասելիորեն բոլորի համար կպարզվի, որ Ռուսաստանը հաղթանակ է տարել Փաշինյանի և նրա թիմի նկատմամբ վերջին խորհրդարանական ընտրություններում։
«Նրա լեգիտիմությունը դրվել է կասկածի տակ։ Ընդ որում՝ անկախ Սահմանադրական դատարանի այս կամ այն որոշումից։ Ռուսաստանը չի ճանաչել և չի շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Չինաստանը մինչ օրս որևէ կարծիք չի հայտնել այդ հարցում։ Ճիշտ այդպես է վարվել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եվ որ ամենակարևորն է, Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Հայաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից»,- պարզաբանել է փորձագետը։
News.am
