«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնելու հետ կապված վերջնական որոշում դեռ չունի և մտադիր է այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնել՝ խորհրդակցելով ընդդիմադիր այլ ուժերի հետ, հայտնել է ՀՀ նախկին նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ մանդատները կարող են լուրջ գործիք դառնալ քաղաքական պայքարը շարունակելու համար։
«Եթե պայքարը պետք է շարունակվի, ապա հարկավոր է օգտագործել հնարավոր բոլոր գործիքները։ Հիմա մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց վերջնական որոշում դեռ չկա»,- ասել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել պայքարը, այդ թվում՝ փողոցում։ Նախկին նախագահի գնահատմամբ՝ գործող իշխանության լեգիտիմությունն իսկապես լուրջ կասկածի տակ է, ինչը երկրի ներսում նոր քաղաքական մթնոլորտ է ձևավորում։
«Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ՔՊ-ի համար։ Իրենց վարած քաղաքականության և անցկացրած ընտրության փլատակներում մնալու է հենց ՔՊ-ն։ Եվ չեմ կարծում, որ դա շատ երկար է տևելու»,- հայտարարել է Քոչարյանը։
Գնահատելով ընդդիմադիր պատգամավորներին իշխանության կողմը քաշելու հնարավորությունը՝ նա վստահություն է հայտնել «Հայաստան» դաշինքի անդամների հարցում։ Նրա խոսքով՝ անցած հինգ տարիները ցույց են տվել, որ նրանք պատրաստ են հետևողական և անզիջում պայքարի։ Միևնույն ժամանակ, Քոչարյանը չի բացառել, որ իշխանությունը կփորձի այդ ճանապարհով գնալ և նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է կարողանա վերահսկել իր ցուցակը։
Նա նաև հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն իրենց հաղթանակի մասին հայտարարել էին «հոգեհանգստի» դեմքով։ Քոչարյանի կարծիքով՝ այդպիսով իշխող կուսակցությունը փորձել է ազդել ԿԸՀ-ի վրա։
Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ խորհրդարանական ընդդիմության հնարավորություններն ընդլայնվել են՝ պայմանավորված մանդատների թվի աճով և մեկ այլ քաղաքական ուժի ի հայտ գալով, որը «Հայաստան» դաշինքից ավելի շատ մանդատներ է ստացել։
Նրա գնահատմամբ՝ ընդդիմությանն ընտրողների թիվը գերազանցել է 600 000, եթե հաշվի առնենք խորհրդարան չանցած կուսակցություններին տրված «փոշիացված ձայները»։
«Եթե դրանց 10%-ը դուրս գա փողոց, բավարար է մեկ տարում իշխանության հարցը լուծելու համար»,- կարծում է Քոչարյանը։
Խոսելով ընտրությունների արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի արձագանքի մասին՝ նախկին նախագահը հայտարարել է՝ Բաքվում դեռ հույս ունեն, որ անկլավները կստանան, և որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։
Քոչարյանը նաև կանխատեսել է, որ Հայաստանը մտնում է տուրբուլենտության լուրջ փուլ, որն անընդհատ ուղեկցվելու է տնտեսական խնդիրներով։
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Փաշինյանին չշնորհավորելը՝ Քոչարյանը նշել է, որ դա ոչ մի նշանակություն չունի։ Նա հիշեցրել է, որ Պուտինը ծննդյան օրն էլ էր շնորհավորել Փաշինյանին, բայց երեք ժամ հետո Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել հայկական արտադրանքի նկատմամբ։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։
Հունիսի 12-ին ԿԸՀ-ն ամփոփել էր 637 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Armenia Today
