Логотип

Քրեական հետապնդում կհարուցվի «Հայաստան» դաշինքից ևս մի թեկնածուի նկատմամբ

Քրեական հետապնդում կհարուցվի «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ։ Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները՝ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքէջից։

Ռուսլան Բարսեղյանը ՀՅԴ անդամ է, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից։ Նա դաշինքի նախընտրական ցուցակի 62-րդ համարն է։ Թեպետ ԿԸՀ նիստն անցկացվել է դռնփակ, բայց կայքում հրապարակված որոշման տեքստից գործի վերաբերյալ որոշ մանրամասներ ենք իմանում։ Մասնավորաբար, Բարսեղյանի պաշտպան Աբգար Պողոսյանն այսօր հայտարարել է, որ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում սկսվել է իրականացնել ավելի վաղ, նաև իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Փաստաբանը հայտնեց , որ իրականացվել է նաև խուզարկություն, թե ինչ վարույթի շրջանակներում է՝ հայտնի չէ։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Պատգամավորի թեկնածուներն են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ասատուր Քոչարյանը և Ռուսլան Բարսեղյանը։

Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները։

Sputnik Արմենիա