ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) իր 2026 թվականի տարեկան զեկույցում դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայկական պատմական հոգևոր ժառանգության շարունակական ոչնչացումը և հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։
Ստեղծված իրավիճակի ֆոնին USCIRF-ը խորհուրդ է տալիս ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանին պահել «Հատուկ դիտարկման ցուցակում» (Special Watch List), ինչպես նաև թիրախային պատժամիջոցներ կիրառել այն պետական գերատեսչությունների և պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են կրոնական ազատությունների կոպիտ խախտումների համար։
ԱՄՆ Կոնգրեսին նույնպես կոչ է արվում սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ որպես նախապայման դնելով կրոնական ժառանգության պաշտպանությունը և մարդու իրավունքների վիճակի բարելավումը։
Փաստաթղթի հեղինակները նշեթ են, որ 2020 և 2023 թվականներին տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը շարունակում է հայկական կրոնական կոթողների թիրախավորման քաղաքականությունը։ Հիմնվելով արբանյակների լուսանկարների վրա, զեկույցում ասված է, որ 2025 թվականի հուլիսի դրությամբ արբանյակային լուսանկարները թույլ են տվել նույնականացնել ութ ամբողջությամբ ոչնչացված և ևս տասը վնասված կրոնական օբյեկտներ, այդ թվում՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և մշակութային այլ արժեքներ։
Հանձնաժողովն ընդգծում է, որ Բաքուն ջնջում է տարածաշրջանում քրիստոնեական ավելի քան 2000-ամյա ներկայության հետքերը։
Բացի այդ, ահազանգեր են ստացվում այն մասին, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիներին արգելվում է ստանալ կրոնական իրեր, մասնավորապես՝ Աստվածաշունչ։
Հանձնաժողովի նախագահ Վիքի Հարցլերը իր հատուկ կարծիքում նշել է նաև հայ գերիների նկատմամբ կտտանքների, հոգեբանական ճնշումների և նույնիսկ խաչի տեսքով դաջվածքները այրելու միջոցով հեռացնելու դեպքերի մասին։
USCIRF-ում եզրակացրել են, որ Ադրբեջանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ, եթե ակնկալում է լիարժեք ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ:
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճարն ամբողջությամբ ավերվել էր։ Ադրբեջանցիները նաև վնասել էին Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը և նախկինում հրապարակել էին «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի լուսանկարներ՝ արձանագրություններով, որոնք հուշում էին տալիս այն ոչնչացնելու իրենց մտադրությունը։ Մայիսի 4-ին Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը:
Ըստ Armenia Today-ի կողմից իրականացված մոնիթորինգի՝ վերջին տարիներին Արցախում ոչնչացվել է ավելի քան 50 հուշարձան, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի և մոտ 50 հուշահամալիր ու խաչքար։ 2023 թվականի հոկտեմբերին Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին։
