Սպիտակ տանը կարծում են, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են շուտով հակամարտության ավարտի մասին հուշագիր ստորագրել։ Այս մասին գրում է «Axios»–ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
«Սպիտակ տունը համարում է, որ մոտ է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որն ուղղված կլինի պատերազմի դադարեցմանը և առավել մանրամասն բանակցությունների համար հիմքի ստեղծմանը»,- ասված է հրապարակման մեջ:
Աղբյուրների տեղեկություններով՝ չնայած դեռ ոչինչ ստորագրված չէ, բայց կողմերն այս պահին ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն։
Ներկայիս տեսքով հուշագիրը ներառում է հակամարտության ավարտի մասին հայտարարություն և Թեհրանի միջուկային ծրագրի, ամերիկյան պատժամիջոցների չեղարկման ու Հորմուզի նեղուցի բացման հարցերի շուրջ 30-օրյա բանակցությունների մեկնարկ:
Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են կայանալ Ժնևում կամ Իսլամաբադում:
Sputnik Արմենիա
