Եվրոպական միությունը Հայաստան է գործուղում համապատասխան հմտություններ չունեցող անձանց (հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի թիմ), որպեսզի նրանք խեղաթյուրեն ալգորիթմները և իրականացնեն գործողություններ, որոնք հետո կորակվեն որպես «օտարերկրյա միջամտություն»։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նրա խոսքով՝ այդ ամենը նկարագրված է 28 էջանոց մի փաստաթղթում, որը գաղտնի է պահվում և չի հրապարակվում։
«Ըստ այդ փաստաթղթի՝ միայն Հայաստանի կառավարությունը կարող է այդ փորձագետներին ցուցումներ տալ, թե ինչն է արգելափակվելու, և ինչը՝ ոչ։ Սա ժողովրդավարություն չէ, այլ միջամտություն ընտրություններին։ Մենք հրապարակել ենք փաստաթուղթ՝ դատապարտելով Հայաստանում Եվրամիության սխալ քաղաքականությունը», – նշել է նա։
Ամստերդամը եվրոպացիների վարքագիծը որակել է որպես ամոթալի և մարդու իրավունքներից շեղում։
«Եվրամիությունը որևէ հիմք չունի այստեղ աշխատանքային խումբ գործուղելու, Փաշինյանին սատարելու համար միլիոնավոր եվրոներ ծախսելու և «ռուսական սպառնալիքի» մասին մտահոգության գաղափարախոսություն տարածելու համար։ Փաշինյանը փորձում է իր քաղաքական ընդդիմադիրներին ներկայացնել որպես կլերիկալ-օլիգարխիկ համակարգի մաս, որպեսզի կարողանա ԵՄ-ից գումարներ կորզել և խեղաթյուրել համացանցում տարածվող բովանդակությունը։
Ադրբեջանը և այլ երկրներ ներգրավված են Հայաստանի նախընտրական գործընթացներում, սակայն ժողովրդավարական ընտրությունների անցկացման ամենամեծ սպառնալիքը թաքնված է Փաշինյանի ավտորիտար քաղաքականության մեջ։ Արևմուտքում գիտեն այդ մասին, ինչը վկայում է այն մասին, որ նա ի վիճակի չէ պաշտպանել մարդու իրավունքները Հայաստանում», – հավելել է Ամստերդամը։
Փաստաբանը նաև նշել է, որ առաջիկա ընտրությունները հայ ժողովրդի համար ունեն գոյաբանական բնույթ։
«Միևնույն ժամանակ, Փաշինյանն անում է ամեն ինչ հասարակությանը վախի մեջ պահելու և ընտրություններին հնարավորինս ցածր մասնակցություն ապահովելու համար, որպեսզի իր կողմնակիցները նորից իրեն բերեն իշխանության։
Բնակչությունը պետք է գնա ընտրատեղամասեր և քվեարկի Սամվել Կարապետյանի օգտին, ով հանդես կգար հանուն Հայաստանի շահերի պաշտպանության։ Եվրոպացիների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ոչ ոք հանդես չեկավ Հայաստանի դիրքերից, ոչ ոք չհիշատակեց գերիների կամ հայկական եկեղեցիների ոչնչացման մասին։ Ընդ որում, դրանցից վերջինը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Սրան զուգահեռ՝ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայկական սփյուռքի դեմ։
Ակնհայտ է, որ Եվրոպան շահագրգռված է Փաշինյանի վերընտրվելու հարցում, ով հարձակումներ է գործում բոլոր նրանց վրա, ովքեր կարող են մարտահրավեր նետել իր ավտորիտար կառավարմանը։ Միաժամանակ, իմ պաշտպանյալը, ով ընդդիմության առաջնորդներից է, զրկված է եղել նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունքից։ Այսպիսով, Եվրոպան կատարել է իր սխալ ընտրությունը», – նշել է Ամստերդամը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից առաջ մղվող «իրական Հայաստանի» գաղափարը հանգում է նրան, որ պետության հիմքերը վերափոխվեն ու հարմարեցվեն Ադրբեջանի ցանկություններին։
«Սեփական երկրի և հայ ժողովրդի ինքնության նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքն աննախադեպ է։ Ի տարբերություն նրա՝ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանն ունի անհրաժեշտ կապերն ու մոտեցումները՝ բոլոր արտաքին ուժերի հետ հավասարակշռված քաղաքականություն վարելու համար», – եզրափակել է Ամստերդամը։
News.am
