Логотип

Բահ մուրճի փոխարեն. «Ուժեղ Հայաստանը» կառավարման իր տարբերակն է առաջարկում

«Ուժեղ Հայաստան» կուսակցութունը նախընտրական քարոզարշավի առաջին օրն ամփոփեց Երևանի Հաղթանակի զբոսայգում։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն իր ելույթը սկսեց մուրճը ձեռքին, ու առաջարկեց այն փոխարինել բահով։

«Մարդ կա (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին–խմբ.)` էս մուրճը մարդկանց վրա ճոճում ու սպառնում է։ Սա այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է։ Իսկ վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է լինելու, այն շինարարության մասին է, կառուցելու մասին է։ Մեր երկրի հողատարածքների կեսը անտեր է, վաղվա Հայաստանը ծաղկեցնելու է այդ հողերը ու կառուցելու այդ գյուղերը»,– ասաց Նարեկ Կարապետյանը, որն ընտրություններին մասնակցելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարի ներքո։

Ի դեպ, նա նշեց, որ այսօր բերել է օգտագործած բահ, այլ ոչ թե խանութից գնված նորը, քանի որ իրենց նոր, չաշխատած բահերը պետք չեն։

«Ուժեղ Հայաստանի» համակիրները Նարեկ Կարապետյանի ելույթից շարժվեցին դեպի կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատուն։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Sputnik Արմենիա