Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը մեկնաբանել է Հայաստանին հանձնված բողոքի նոտայի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն հրաժարվել է այդ քայլը կապել Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի՝ Երևան կատարած այցի հետ։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք բողոքի նոտան առնչություն ունի Տիխանովսկայայի այցի հետ, դիվանագետը ընդգծել է, որ նման մեկնաբանությունները դուրս են իր իրավասության շրջանակից։
«Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա դա Հայաստանի ԱԳՆ-ի հարցն է։ Իսկ Բելառուսի ԱԳՆ-ի դեպքում պետք է դիմել մամուլի ծառայությանը», — հայտարարել է Կուդրուկը։
Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ բելառուսական կողմը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից որևէ պաշտոնական արձագանք չի արձանագրել։
«Առայժմ մենք պաշտոնական արձագանք չենք տեսել», — ասել է ժամանակավոր հավատարմատարը։
Ավելի վաղ Կուդրուկը հաստատել էր, որ բողոքի նոտան հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արած հայտարարությունների պատճառով, որոնք Մինսկում որակել են որպես ոչ բարեկամական։
Սվետլանա Տիխանովսկայան բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ է և 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո Բելառուսում սկիզբ առած բողոքի շարժման առաջնորդներից մեկը։ Նա նախագահի պաշտոնի համար պայքարում էր գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ և, ըստ ընդդիմության պնդումների, հաղթանակ էր տարել, սակայն ընտրությունների պաշտոնական արդյունքները հօգուտ նրա չեն ճանաչվել։ Ընտրություններից հետո Տիխանովսկայան լքել է Բելառուսը և շարունակել իր քաղաքական գործունեությունն արտերկրում՝ դառնալով միջազգային ասպարեզում գործող բելառուսական ընդդիմության առանցքային ներկայացուցիչներից մեկը։
Վերջին օրերին Տիխանովսկայան այցելել է Երևան, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել։ Նրա այցը հանրային և քաղաքական լայն արձագանք է ստացել, այդ թվում՝ հայ-բելառուսական հարաբերությունների զգայունության և ինտեգրացիոն միավորումների շրջանակում դաշնակցային փոխգործակցության ֆոնին։
News.am
