Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Այս մասին հայտնում է freearmenianprisoners.com–ը, որը ստեղծվել է «Օգնեք ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և հայ բանտարկյալներին» կարգախոսով։
Հայտնել էինք, որ Երևանում այսօր սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Գերիների հարազատներն իրենց նամակում ընդգծել են, որ Կանադան ցուցաբերել է սկզբունքային առաջնորդություն՝ կամայական ազատազրկման և պատանդային դիվանագիտության դեմ պայքարում:
«Ստեղծելով Պատանդների հարցերով ավագ պաշտոնյայի ինստիտուտ և լինելով Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրի առաջամարտիկ՝ Կանադան հաստատել է, որ պետությունների միջև հարաբերություններում մարդիկ չպետք է օգտագործվեն որպես քաղաքական լծակ: Ամենայն հարգանքով նշում ենք, որ մեր հարազատների հետ կատարվողը լիովին համապատասխանում է այս պարտավորությունների ոգուն և նպատակին»,-նշված է նամակում։
Գերիների հարազատները խնդրում են Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ կողմերի հետ հարաբերություններն Ադրբեջանի վրա ճնշումը համակարգելու համար։
Նամակում շեշտվում է, որ խաղաղության նկատմամբ Ադրբեջանի հավատարմությունը հայ հանրությանը վստահություն չի ներշնչի, քանի դեռ հայ բանտարկյալները մնում են գերության մեջ: Միայն գերիների ազատ արձակումը և հայրենիք վերադարձը անփոխարինելի կլինի խաղաղության իրական գործընթացի համար և վստահության ամրապնդման կենսական միջոց կդառնա։
«Ձեր այցը Երևան կարևոր հնարավորություն է ցույց տալու, որ կամայական կալանքին վերջ դնելու Կանադայի հանձնառությունը ոչ միայն խոսք է, այլև գործ։ Մեծագույն հարգանքով կոչ ենք անում Ձեզ հանդիպել Բաքվում պահվող բանտարկյալների ընտանիքների հետ, լսել մեզ և բարձրացնել հայ բանտարկյալների հարցը այլ երկրների ղեկավարների հետ Ձեր հանդիպումներում»,-նշված է նամակում։
Գերիների հարազատները խորապես համոզված են, որ Կանադան կարող է սկզբունքային և կառուցողական դեր խաղալ իրենց ընտանիքների տառապանքները վերջ դնելու գործում:
Sputnik Արմենիա
