Իրատեսական չէ ակնկալել, որ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրն ու մի շարք երկրների հետ կնքված ռազմավարական գործընկերության հռչակագրերը կլուծեն Հայաստանի անվտանգային խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, Խորվաթիան, Բուլղարիան, Ֆրանսիան, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրեր են ստորագրել Հայաստանի հետ։ Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ կօգնեն Հայաստանին ինքնուրույն իրականացնել սեփական սահմանների պահպանությունը։
«Նախկին անվտանգային համակարգը հիմա չի աշխատում, Հայաստանն այսպես փորձում է ինչ-որ լուծումներ գտնել տարբեր տեղերից։ Կոնկրետ ԵՄ-ի դեպքում համապարփակ, անվտանգային երաշխիքների մասին խոսք չկա, քանի որ նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում այդ մասին չի խոսվում։ Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն կա, փոխադարձ այցեր են լինում, զորավարժությունների առումով պոտենցիալ կա, այսինքն՝ փորձի փոխանակում, պատրաստություն, տեղեկատվության փոխանակում և այլն»,- նշեց Հարությունովը։
Փորձագետի խոսքով՝ նմանատիպ համագործակցությունը հիմնականում Ֆրանսիայի հետ է կենտրոնացած, բայց հիմա Լեհաստանն էլ նման պոտենցիալ ունի։ Նա հիշեցրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարն էլ վերջերս այցելեց Լեհաստան, որն այժմ ԵՄ-ում 2-րդ երկիրն է, որ ակտիվ զարգացնում է իր ռազմական հնարավորությունները։
ՀՀ–ԵՄ «նյութական» համագործակցության ևս մեկ կետ է նաև ԵՄ առաքելությունը, սակայն, ըստ փորձագետի, դեռ հարց է, թե անվտանգության տեսանկյունից որքանով է արդյունավետ նրանց լինելը սահմանին, կամ որքանով են նրանք ազդել սահմանին տիրող ներկայիս իրավիճակի վրա։
«Իրականում այժմ իրատեսական չէ ակնկալել, որ կարող է լինել համապարփակ մի լուծում, որը կվերացնի Հայաստանի բոլոր անվտանգային խնդիրները։ Հայաստանը մոտակա ժամանակներում դատապարտված է մանևրելու տարբեր ուժային կենտրոնների միջև, բայց որքանով դա կստացվի՝ ուրիշ հարց է»,- ասաց Հարությունովը։
Ըստ փորձագետի՝ ՀՀ իշխանությունների գործողությունների վիճելի կետն այն է, որ իրենք ակտիվ զարգացնում են Արևմուտքի հետ հարաբերությունները, բայց Ռուսաստանի հետ եղած տնտեսական կապերը, կախվածությունը պահպանվում է։ Ըստ Հարությունովի՝ ինչպես է հնարավոր Արևմուտքի հետ հարաբերություններն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները համատեղել՝ դեռ անհայտ է։
Նա ընդգծեց` նախկինում գոյություն ունեցող անվտանգության համակարգի այլընտրանք ապահովել չի ստացվում և դժվար թե ստացվի առաջիկա տարիներին։ Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերություններում հնարավոր հետևանքների հարց է առաջանում, մասնավորապես, եթե խոսենք ռազմական և անվտանգության ոլորտի մասին, ապա արդեն ստացված տեխնիկայի սպասարկման հարց է առաջանում։
